Աբխազիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Վալերի Բգանբան: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 33 պատգամավորներից 21-ը:
Խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրվել էր նաեւ ընդդիմադիր «Ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության ղեկավար Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունը, բայց նա հավաքել է 11 ձայն:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», Բգանբան եղել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր 1991-97 թվականներին, որից հետո ղեկավարել է Գագրայի շրջանը: Բգանբան պարգեւատրվել է «Ախձ-ապշա» («Պատիվ եւ փառք») շքանշանով` «Աբխազական պետականության կայացման, երկրի օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ ավանդի համար»: Նա խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել է Նուգզար Աշուբին, ով խոսնակ է 2002 թվականից:
Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են մարտի 10-ին: Մարտի 24-ին մի շարք ընտրատարածքներում տեղի է ունեցել ընտրությունների երկրորդ փուլը: Արդյունքում, ընտրվել է խորհրդարանի 35 անդամներից 33-ը, երկու ընտրատարածքերում մայիսին ընտրություններ կկայանան:




























