Ցանցում հայտնվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի ուղղաթիռի օդաչուի եւ կարգավարի բանակցությունների սենսացիոն ձայնագրությունը, որից հետեւում է, որ Պաշտպանության դաշնային ծառայությունը ուղղաթիռներին արգելել է  «Մոսկվա-սիթի» համալիրի հրդեհը մարել:

Ձայնագրված բանակցությունները Twitter-ում է  տեղադրել @ruradioscanner-ի օգտագործողը:

Ռուսական հանրության հատուկ ուշադրությանն է արժանացել այն փաստը, որ սկսած 01:55-ից կարգավարն օդաչուին հայտնել է, որ  ՊԴԾ-ից  հրահանգել են «առաջադրանքի արգելք» եւ «ելման կետի վերադարձ»: Չնայած այդ հրամանին`  օդաչուն շարունակել է  թռիչքը եւ ժամանել դեպքի վայր: «Ես ձեզ ասել եմ, որ արգելված է աշխատել, ով է ձեզ թույլ տվել աշխատանքների շրջան ժամանել, - հարցնում է կարգավարը: - ես տեղեկություն ունեմ ցամաքից, որ ՊԴԾ-ն ձեզ արգելել է աշխատել»:

Որոշ ժամանակ անց (ամենայն հավանականությամբ, ռադիոսիրահարները խոսակցությունը ամբողջությամբ չէին հաջողացրել լսել) կարգավարը համաձայնում է, որ ուղղաթիռը հանգցնի հրդեհը. «Դեռեւս աշխատեք եւ մնացեք ինձ հետ կապի մեջ»:

Միաժամանակ ՊԴԾ-ում այդ տեղեկությունը հերքել են: «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ին տված հարցազրույցում ՊԴԾ-ի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Ալեքսանդր Րյասկովը հայտարարել է.  «Իսկ ինչպես էինք մենք արգելում, եթե ուղղաթիռները հանգցնում էին հրդեհը: Անգամ հեռուստացույցով են ցուցադրել` ինչպես էին հանգցնում»: ԱԻՆ-ի Մոսկվայի վարչությունում  ռադիոընկերությանը հաղորդել են, որ հրդեհը մարելու արգելքի մասին տեղեկատվություն չունեն:

«Մոսկվա սիթիում»  «Վոստոկ» կառուցվող աշտարակի հրդեհն սկսվել էր ապրիլի 2-ին` մոտավորապես 20:00-ին: 67-հարկանի շենքի վերին հարկերում բռնկվել են փայտե կառույցները եւ բետոնի տաքացուցիչը: Շուտով կրակը տարածվել է  մոտ 300 քառակուսի մետր ծավալով:  Մարման աշխատանքներին մասնակցել են 25 հրդեհափրկարարական ստորաբաժանումներ եւ ԱԻՆ-ի 4 ուղղաթիռներ:

Մարման ընթացքում շենքի 66-րդ եւ  67-րդ հարկերից  տարհանվել են աշխատողները: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: