Հանրային ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի բոլոր կտրոններն արդեն բաժանված են: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի օգնական Սեդրակ Բարսեղյանը: Նրա խոսքով` ֆինանսների նախարարության համապատասխան բաժինը բոլոր կտրոնները պետական մարմիններին հանձնել է դեռ փետրվարի վերջերին-մարտի սկզբներին:
Այնուամենայնիվ` NEWS.am-ը որոշ պետական ծառայողներից ստացել է բողոքներ, որ գերատեսչություններում կտրոնների բաշխումը ձգձգվում է:
Ս. Բարսեղյանը նշեց, որ ՊՈԱԿ-երը (պետական ոչ առեւտրային կազմակերպությունները) կտրոններ ստանում են այն գերատեսչությունից, որի ենթակայության ներքո են: Օրինակ`մշակութային հիմնարկները կտրոն պետք է ստանան մշակույթի նախարարությունից, դպրոցները` կրթության եւ գիտության նախարարությունից եւ այլն:
Հիշեցնենք, որ 120 հազ. պետական ծառայողներ պետական բյուջեից կստանան սոցիական փաթեթ` յուրաքանչյուրը 132 հազ. դրամ:
Սոցիալական փաթեթը կարելի է օգտագործել չորս հիմնական ուղղությամբ` բժշկական ապահովագրություն, որը պարտադիր կլինի 52 հազար դրամի չափով, հիպոթեկային վարկերի ամսական վճարների մարումներ, ուսման ծախսեր, հանգիստ Հայաստանի եւ ԼՂՀ-ի տարածքներում:




























