ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովի որոշումն այն մասին, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ, մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո: Նա ընդգծել է, որ Վրաստանը կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, հաղորդում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Միաժամանակ, Ռասմուսենը նշել է Վրաստանում տեղի ունեցած բարեփոխումները եւ ընդգծել, որ փոխհարաբերությունների, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ վերցված պարտավորությունների կատարման տեսանկյունից Վրաստանը «մոդել-երկիր» է:

Իր հերթին, Սահակաշվիլին վրաց ժողովրդի անունից եւս մեկ անգամ պնդել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկությունը:

Միաժամանակ նախագահը շեշտել է Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը եւ այդ գործընթացին միջազգային դիտորդների ակտիվ ներգրավումը:

Սահակաշվիլին մասնակցում է ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի նիստին, որը տեղի է ունենում Դաշինքի գլխավոր շտաբում: Խորհրդում վրացական կողմը ներկայացնում է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն, ԱԳ փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն եւ ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գեգա Մգալոբլիշվիլին: