Թեքսասում մի քանի հզոր տորնադոներ են սկսվել: Օդ են բարձրացել տների տանիքները եւ նույնիսկ ամբողջական հարկեր, մեքենաներ եւ արմատախիլ եղած ծառեր:
Քանդվել են տասնյակ տներ, բազմաթիվ շենքերում վնասվել են տանիքները եւ պատերը, կտրվել են էլեկտրահաղորդման գծերը, ժամանակավորապես փակ է Դալասի միջազգային օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է AP-ը, տորնադոները Դալասի օդանավակայանում վնասել են ավելի քան 110 ինքնաթիռ: American Airlines ավիաընկերությունը տեղական ժամանակով ապրիլի 3-ին հետաձգել էր ավելի քան 450 չվերթ:
Տորնադոյից տուժել է առնվազն 13 մարդ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում:
Ամերիկյան հեռուստաալիքների հեռարձակած կադրերում երեւում էր, թե ինչպես է փոթորիկն անցնում բեռնատար մեքենաների կայանատեղիով` նրանց օդ բարձրացնելով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՄՆ-ի օդերեւութաբանական ծառայության տվյալների` տարածաշրջանում նախկինի պես ուժգնանում են երկու հզոր տորնադոներ, որոնք շարժվում են բնակավայրերի ուղղությամբ: Տեղական լրատվամիջոցները նախազգուշացնում են, որ վտանգը դեռեւս չի անցել, եւ խորհուրդ են տալիս աղետից թաքնվել նկուղներում կամ հատուկ ապաստարաններում:











