Մեծ Բրիտանիայի դեմ հանուն Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների  պատերազմում Արգենտինայի հանձնման մասին 1982 թվականի հունիսի 14-ին բրիտանացի գեներալի հեռագրի պատճենը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 7,25 հազար ֆունտ սթեռլինգով  (11,5 հազար դոլար): Այդ մասին հայտնել էին լատինամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով «Բոնեմս» աճուրդի ղեկավարությանը:

Աճուրդը տեղի է ունեցել ապրիլի 3-ին` վիճահարույց տարածաշրջանի համար զինված հակամարտության 30-ամյա տարելիցի հաջորդ օրը: Լոտի նախնական արժեքը կազմել է երեք հազար ֆունտ սթեռլինգ:

Պատերազմի ժամանակ ցամաքային զորքերի գեներալ Ջերեմի Մուրը լուր է ուղարկել Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչություն այն բանից հետո, երբ կղզիների արգենտինյան ռազմական հրամանատար Մարիո Մենենդեսը գերի է հանձնվել: 

«Պորտ Սթենլիում 1982 թվականի հունիսի 14-ի երեկոյան ժամը 9-ին` Ֆոլքլենդյան կղզիների ժամանակով այսօր, զորամասային գեներալ Մենենդեսը հանձնվեց եւ ինձ փոխանցեց Արգենտինայի բոլոր ուժերը Արեւելյան եւ Արեւմտյան Ֆոլքլենդներում… Ֆոլքլենդյան կղզիները կրկին հայտնվեցին կառավարության ենթակայության ներքո, որը ցանկացել էին նրա բնակիչները: Աստված պահպանի թագուհուն», - ասվում է հեռագրում, որն ստորագրվել էր Ջերեմի Մուրի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»