Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ապրիլի 3-ին, Ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ Լեւոն Երանոսյանը մարտական սպա է, ունի հարուստ կենսագրություն եւ փորձ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ նրա ղեկավարությամբ Ոստիկանության զորքերը որակական փոփոխություն կապրի եւ կծառայի առաջադրված խնդիրների լուծմանը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Ոստիկանության զորքերում առկա թերություններին եւ անձնակազմին ցուցում տվել կարճ ժամկետում վերացնել դրանք՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ու ծառայողական պարտականությունների հստակ եւ անվերապահ կատարմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ առաջադրված խնդիրները կկատարվեն ողջ ծավալով, եւ Ոստիկանության զորքերը հանդես կգա որպես ուժեղ, միասնական, մարտական ընտանիք:




























