Գերմանիայում տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների միջեւ, որոնց ընթացքում Փհենյանին անսովոր առաջարկություն է արվել, այն է` հրթիռը մեկնարկի համար հանձնել Չինաստանին կամ Ռուսաստանին:
Սակայն չուչխեների երկիրն առաջարկությունն ընդունել է առանց որեւէ խանդավառության, հայտնել է ճապոնական «Ասահի TV» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաընկերության տեղեկության` Գերմանիայում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայացրել է պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալը, իսկ ԿԺԴՀ-ինը` Հյուսիսային Ամերիկայի ԱԳՆ-ի բաժնի ղեկավարը:
Ճապոնական այլ հեռուստաալիք` «Էն Էյչ Քեյ»-ը, հայտնել է, որ «Գերմանիայի արեւելյան քաղաքներից մեկում» ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում Փհենյանը հաստատել է հրթիռի մեկնարկի իր մտադրությունը` չնայած միջազգային բացասական արձագանքին, հայտնում է «Նովի ռեգիոնը»:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի հրթիռի մեկնարկին հետեւելու համար ԱՄՆ-ն Կորեայի կողմ է ուղարկում գերժամանակակից ռադարային համակարգ, որը կհասնի ԱՄՆ-ի Փերլ Հարբոր ռազմածովային կայանից: Խոսքը X-Band Radar-1 ռադարային համակարգի մասին է, որը տեղակայված է ծովային լողացող կայանի վրա: Ռադարն ի վիճակի է թիրախին հետեւել մինչեւ 2000 կմ շառավղով: Հիշեցնենք, որ Ճապոնիան նույնպես ռազմական պատրաստականության վիճակի է բերել իր մի քանի ռազմական ստորաբաժանումները` կապված հյուսիսկորեական հրթիռի սպասվող մեկնարկի հետ:
Մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը Ճապոնիայում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճշգրիտ արձագանքի այդ իրադարձությանը` զգացմունքներին տուրք չտալով:
ԿԺԴՀ-ն հայտարարել էր ապրիլի 12-16-ը «Քվանմենսոն-3» հրթիռի` տիեզերք դուրս բերելու մտադրության մասին, որը լուրջ բողոքներ է առաջացրել աշխարհում: Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ այդպիսով Փհենյանը կատարելագործում է հրթիռային զինանոցները: Բացի դրանից, ՄԱԿ-ի բանաձեւերն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկական հրթիռների տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնարկները եւ փորձարկումները:




























