Ճապոնիայում փոթորկի զոհ են դարձել հինգ մարդ, եւս 400-ը տուժել են: Ծագող արեւի երկրին պատուհասած քամին վերջին  50  տարվա մեջ հզորագույնն է:

Ինչպես հաղորդում է  «Առաջին ալիքը», 150կմ/ժ արագությամբ քամին, տեղ-տեղ զուկագցվելով տեղատարափ անձրեւներով, մարդկանց գետնից պոկում եւ դեսուդեն էր նետում ծանր բեռնատարները:

Մերձափնյա շրջաններում ալիքների բարձրությունը հասել է 10 մետրի, հայտարարվել է ցունամիի եւ տորնադոյի վտանգի մասին: Ճապոնիայի հյուսիս-արեւելքում առանց էլեկտրականության են մնացել 216 հազար ընտանիքներ:

Վատ եղանակի պատճառով չեն երթեւեկում ճեպընթացները, որոնք Տոկիոն կապում են խոշոր այլ քաղաքների հետ, դադարեցվել է նաեւ նավարկությունը եւ հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ: