ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ասատանա`մասնակցելու ԱՊՀ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:

Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր/միացյալ շտաբերի պետերը:

Նշենք, որ կոմիտեն իրականացնում է նաեւ Համագործակցության պետությունների զինված ուժերի վիճակի վերլուծություն եւ առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա կատարելագործման ու զարգացման համար: