Մաքսային միությունը Հայաստանի համար իմաստ չունի: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում` ի պատասխան հարցի, թե Հայաստանը պատրա՞ստ է դառնալ «ԵվրԱզԷսի» լիիրավ անդամ, միանալ մաքսային միությանը կամ նույնիսկ մտնել միասնական տնտեսական տարածք:
«Որտե՞ղ եք Դուք սահման դնում», հարցին Տ. Սարգսյանը պատասխանել է. «Մենք «ԵվԱզԷս»-ի եւ ԱՊՀ-ի մեր գործընկերների հետ ինտեգրացման տեսանկյունից մեր առջեւ սահմաններ չենք տեսնում: Մենք կենսականորեն շահագրգռված ենք, որպեսզի այդ ինտեգրացիոն գործընթացները շարունակվեն, խորանան եւ ամրանան: Հայաստանը ԱՊՀ-ի ամենաակտիվ անդամն է եւ անգամ ջանքեր է գործադրում «ԵվԱզԷս»-ի զարգացման համար, թեեւ միայն դիտորդ է»,-ասել է Սարգսյանը:
Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ ընդհանուր սահմաններ չունեցող երկիրը դառնա մաքսային միության անդամ: «Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային զննման:
Մեր դեպքում դա անհնար է, որովհետեւ մենք պետք է անցնենք հարեւան երկրի տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծում իրականացնող սուբյեկտների գործընթացի թեթեւացումը: Փոխարենը մենք կստանանք միայն նոր խնդիրներ` կապված մաքսային տուրքերի եւ հարհերի բարձրացման հետ: Տնտեսագիտական տեսանկյունից դա աննպատակահարմար է»,-պարզաբանել է վարչապետը, հավելելով, որ մեր ռուս գործընկերները ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին:
«Մենք համագործակցության ձեւեր ենք փնտրում Մաքսային միության հետ համագործակցելու համար: Ըստ ամենայնի, պետք է մտածել Հայաստանի համար ինչ-որ նոր պլատֆորմի կամ հատուկ կարգավիճակի մասին»,-ասել է Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են նրա մասնակիցների համար, ապա գործընկեր երկրների համար պետք է հատուկ վարքականոններ սահմանվեն: Դա, երեւի, ինչ-որ նոր բան պետք է լինի: Պետք է համագործակցության այլ ձեւեր փնտրել»:



























