Մեր աշխրահրաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ մենք պետք է ընդլայնենք մեր տնտեսական տարածությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններն ինչպե՞ս կանդրադառնան ԱՊՀ-ի շրջանակում ազատ առեւտրի գոտի ստեղծելիս Երեւանի մասնակցության վրա, եւ Հայաստանն ինչ նպատակ է հետապնդում Եվրամիության հետ առեւտրատնտեսական մերձեցմամբ:
«Մեզ համար շատ կարեւոր տնտեսական եւ քաղաքական հարց է տնտեսական նոր տարածքների ընդգրկումը: Մեր աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ մենք պետք է ընդլայնենք մեր տնտեսական տարածությունը: Դա մեր տնտեսության գործունակության պայմաններից է: Մենք շահագրգռված ենք ԱՊՀ-ի շրջանակում համագործակցելու հարցում, բայց ցանկանում ենք, որպեսզի եվրոպական շուկան եւս բաց լինի մեզ համար», - ասել է Սարգսյանը:
Մեկնաբանելով WikiLeaks-ի բերած փաստերն այն մասին, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որի մասնակից է դարձել նաեւ Հայաստանը, ուղղված է ՌԴ-ի ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում թուլացնելուն, եւ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Երեւանը` Մոսկվայի ընկերը եւ համախոհը, մասնակցում հակառուսական ենթատեքստով նախագծում, հայկական կառավարության ղեկավարը չի համաձայնել այն պնդմանը, որ «Արեւելյան գործընկերությունն» ուղղված է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը:
«Վերջին տարիների իրադարձությունները հակառակն են ապացուցում: Մենք համագործակցում ենք եւ ՆԱՏՕ-ի, եւ ԵՄ-ի հետ: Մեր (Հանրապետական) կուսակցությունը դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ: Այդ գործընթացներն ուղղված չեն երրորդ կողմի դեմ: Նմանապես նաեւ մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ ուղղված չեն ԵՄ-ի դեմ:
Միջազգային համագործակցության ծրագրերը միշտ բաց են մեր գործընկերների համար: Հայաստանը փոքր երկիր է: Նա չի կարող խաղալ դիվանագիտության հետ: Մեր բոլոր համագործակցության ծրագրերի մասին, լինի դա ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կամ Վրաստանի հետ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է: Նա ըմբռնումով է մոտենում նրան, ինչ մենք անում ենք: Եթե այդ հարցին նայենք Երեւանի տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ մենք մեծ ընտրություն չունենք գործընկերային հարաբերությունների զարգացման համար` հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրադրությունը եւ հարեւանների հետ խնդիրները: Սակայն մենք ոչինչ չենք թաքցնում մեր գործընկերներից, եւ դրանում է մեր ուժը», - եզրակացրել է Սարգսյանը:




























