Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համարում է, որ երկրում ուժեղ ինստիտուտ կարելի է ձեւավորել միայն մի դեպքում` «երբ դու ինչ-որ թիմի անդամ ես»: Այս մասին, այսօր` ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ինքը` Կարեն Անդրեասյանը, նկատելով, որ Հայաստանում ընտրողի ձայնից մինչեւ ամենալայն հարցը լուծվում են թիմային սկզբունքով, ով ում հետ է ընկել, ով ում հետ է թիմակից:

Դրանից ելնելով, Կ. Անդրեասյանը կարծիք հայտնեց, որ Պաշտպանի ինստիտուտը չի կարող մեր երկրում լինել ուժեղ:

«Այսօրվա պաշտպանն անկլան պաշտպան է, ես չունեմ կլան եւ չեմ պատկանում, որեւէ կլանի: Դա պետք է լիներ իմ ուժը, հզորությունը եւ դա է ճիշտը, ըստ Սահմանդրության, ըստ օրենքի, ըստ փարիզյան սկզբունքերի, ըստ բոլոր երկրների օմբուդսմենների: Բայց դա իմ թուլություններից մեկն է: Իսկ երկրորդ պատճառը անվերջ կասկածամտությունն է, որը երկու կողմերից սերմանվում է ՄԻՊ-ի հանդեպ»,- պարզաբանեց Կարեն Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ իր գործառույթները երեքն են դիտորդ, միջնորդ եւ անհատական գործերով պաշտպան: «Որպես դիտորդ համարում եմ, որ այս ինստիտուտը եւ ես եղել ենք ազնիվ, իսկ որպես միջնորդ մենք փոքր հարցերում ենք կարողացել ուժեղ լինել, իսկ մեծ հարցերում մեր միջնորդական դերը տապալվել է: Իսկ որպես առանձին գործերով պաշտպան ես ամենաուժեղն եմ»,-ընդգծեց նա:

Վերջինս նշեց, որ 34 տոկոսով աճել են դրական լուծում ստացած գործերը, 29 տոկոսով ավելացել է դիմումների քանակը: Ավելին, որպես մարդ Կարեն Անդրեասյանն իրեն  թույլ մարդ չի համարում, քանի որ այդ դեպքում վաղուց հրաժարական տված կլիներ: «Նման կրակահերթերի տակ աշխատելու երկու ճանապարհ կա. կամ ապօրինի եղանակով ինտեգրվում ես որեւէ կլանի եւ վայելում, կամ պետք է զգաս աշխատանքի ամբողջ ծանրությունը եւ հրաժարական տաս», -նկատեց Կարեն Անդրեասյանը, վստահեցնելով, որ  առաջիկա 5 տարում ինքը  շարունակելու է պաշտոնավարել նույն պաշտոնում եւ չի պատրաստվում հրաժարական տալ եւ անդամագրվել որեւէ կլանի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի