Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիիի հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման եւ ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կարեւորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը, քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին. «Համոզված եմ, որ առաջարկները կհետաքրքրեն մեր գործարարներին: Վստահ եմ, որ հատկապես զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջեւ զարգացման լայն հեռանկարներ կան: Դուք հրաշալի երկիր եւ ժողովուրդ ունեք եւ ես կարծում եմ, որ արդեն այս ամառ բազմաթիվ քուվեյթցիներ իրենց հանգիստը կնախընտրեն անցկացնել Հայաստանում եւ Երեւանում»,- նշել է դեսպանը: