Հայաստանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարները բավարարված են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմամբ: Այդ մասին ասվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էրկկի Տուոմիոյայի ապրիլի 4-ին Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Ողջունելով Ֆինլանդիայի ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնական այցը Հայաստան` էդվարդ Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը մեծ նշանակություն է տալիս Հելսինկիի հետ հարաբերությունների զարգացմանը: Նախարարը նշել է որ այս տարի լրանում է նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Ըստ Նալբանդյանի` մամլո ասուլիսի ժամանակ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ներկայացվել է իրադրությունը Հայաստանում եւ Ֆինլանդիայում, եւ բանակցությունները կշարունակվեն օրվա երկրորդ կեսին:
Իր հերթին Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան նշել է, որ Հայաստան կատարած ներկայիս իր այցը երրորդն է ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում: Նա նաեւ հաստատել է երկու երկրների միջեւ հարաբերությունների բազմակողմանիությունը, նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր, այդ թվում նաեւ` իրադրությունը Սիրիայում, եւ մեծ գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություների առաջընթացի առումով Ասոցիատիվ համաձայնության վերաբերյալ, ազատ առեւտրի եւ վիզայի ռեժիմի հեշտացման ստեղծման համար:
«Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ վիճահարույց հարցեր չկան», - նշել է նախարարը` ավելացնելով, որ իր երկրի քաղաքականությունը միշտ էլ բաց դռների բնույթ է կրել: «Մենք ողջունում ենք գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, - եզրակացրել է Էրկկի Տուոմիոյան:




























