Որեւէ մեկն իրավունք չունի մեզ ֆաշիստ անվանելու` անկախ իր զբաղեցրած դիրքից: Այդ մասին հայտարարել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Բաքվում կայացած նիստի ժամանակ:

«Հայաստանը միացավ «Եվրանեսթին»` վստահ լինելով, որ Արեւելյան գործընկերությունն  այն պլատֆորմն է, որի բոլոր անդամները կիսում են հավասար պարտականություններ, սկզբունքներ, արժեքներ եւ, որ ամենակարեւորն է, հարգում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու ազատությունները»,- նշել է Գալստյանն ու հավելել. «Մենք  մասն ենք կազմել  «Եվրանեսթ» ընտանիքի` հույս ունենալով, որ միասին կկարողանանք ստեղծել մի այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ կծավալվի կառուցողական երկխոսություն` հիմնված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա»:

ՀՅԴ-ական պատգամավորը նշել է, թե, ցավոք, վեհաժողովում հայտարարություն է արվել, «որով  ոչ միայն խեղաթյուրվում էր առկա իրավիճակի օբյեկտիվ նկարագրությունը, այլ նաեւ կասկածի տակ էր դրվում ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաեւ ի չիք դարձնում Եվրանեսթի Պառլամենտական վեհաժողովի ջանքերը` ուղղված անդամ-երկրների ժողովրդավարացմանը եւ նրանց  միջեւ համագործացության զարգացմանը»:

«Որպես ՀՅԴ կուսակցության անդամ, Սոցինտերնի հիմնադիր անդամ` ես չեմ հանդուրժի եւ չեմ կարող հանդուրժել, որ որեւէ մեկը մեզ վերաբերվի որպես  ֆաշիստի, անկախ նրանից, թե նա տվյալ երկրում ինչ դիրք է զբաղեցնում,  հատկապես մի երկրում, ուր մեր սոցիալիստ ընկերները դատապարտվում են իրենց քաղաքական հայացքների համար»,- նշել է պատգամավորը:

Նշենք, որ երեկ` ապրիլի 3-ին կայացած նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապշեցրել էր եվրոպացի պատգամավորներին` վիրավորական արտահայտություններ անելով հայերի հասցեին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի