Facebook սոցցանցը պատասխան համարժեք հայց է ներկայացրել Yahoo! ընկերության դեմ` որոնման համակարգին մեղադրելով մտավոր սեփականության գողության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մարտին Yahoo! Inc.-ը Սան Խոսեի դատարան հայց է ներկայացրել, որում Facebook Inc.-ին մեղադրել է Yahoo!-ին պատկանող տասնյակ պատենտների խախտման մեջ: Yahoo!-ն հայցում նշում է իրեն պատկանող տասնյակ պատենտներ` առցանց գովազդին, հաղորդագրությունների փոխանցմանը, գաղտնիության կարգավորումներին եւ այլնին վերաբերող, որոնք անհրաժեշտ են հաջողված համացանցային կայք ստեղծելու համար: Ընկերությունը պահանջում է արգելել տեխնոլոգիաների կիրառումը եւ եռակի փոխհատուցել վնասը:
Այժմ պատենտների խախտման մեջ, ընդ որում` նույնպես 10, մեղադրվում է Yahoo!-ն: Մոլորակի ամենահանրահայտ սոցցանցը պնդում է, որ հակառակորդն ապօրինաբար օգտագործում է լուսանկարներին եւ տեսագրություններին ավելացվող պաշտպանված նշանների, երաշխավորության միջոցների, ժապավենի անձնականացման եւ վերնագրերի ստեղծման մեթոդիկան, տվյալների պահոցից տեղեկության վերհանման գործիքներ եւ այլն: Facebook-ը պահանջում է վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ Yahoo!-ի պատենտային հավակնությունների մերժում, հայտնում է «Քոմփյուլենտան»` հղում անելով AP-ին:
Դիտորդները նշում են, որ ընկերություների միջեւ հարաբերությունների պարզումը կարող է ձգվել երկար ամիսներ եւ նույնիսկ` տարիներ: Չի բացառվում, որ կողմերը հակամարտությունը կլուծեն ոչ դատական պայմաններում` կնքելով փոխհամաձայնագիր:




























