«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցող պատվիրակությունների` Բաքվում Շահիդների ծառուղի այցի կազմակերպումն Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող փաստերի խեղաթյուրման եւ պատմության կեղծման քաղաքականության արդյունք է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը խեղաթյուրված պատմություն է ներկայացնում ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ սեփական ժողովրդին: «Ադրբեջանական կողմն այնքան խելամիտ գտնվեց, որ հայկական պատվիրակությանը չհրավիրեց Շահիդների ծառուղի: Նա ուղղակի չհամարձակվեց: Ինչ վերաբերում է պատմական փաստերի խեղաթյուրմանը, ապա հարկ է նշել, որ պաշտոնական Բաքուն չի փոխի իր քաղաքական գիծը»,-ասել է նա:

Զոհրաբյանը նշել է, որ այսօրվա նիստը կարճատեւ է եղել: Դրա ավարտից հետո, «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լիագումար նիստին մասնակցող պատվիրակությունների անդամներին բաժանել է «Հայերը Բաքվում» գիրքը` անգլերենով, ինչպես նաեւ գրքույկներ Բաքվի հայկական կոտորածի մասին: «Ադրբեջանցի պատվիրակներին ես գիրք եմ նվիրել` «Խոջալու. ճշմարտությունն ինչպես որ կա»: «Եվրանեսթ»-ի քարտուղարությունը ինձ դիտողություն է արել, որ թույլատրելի չէ պատվիրակության անդամներին քարոզչական բնույթի նյութեր բաժանելը: «Իսկ ես պատասխանել եմ, որ դա քարոզչություն չէ, ընդամենը նվերներ եմ բերել»,-նշել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Բաքվի Շահիդների ծառուղում թաղված են 1990 թ. հունվարի հայկական կոտորածների կազմակերպիչներն ու մասնակիցները, ովքեր զոհվել են Խորհրդային զորքերի մտնելու արդյունքում: Այսօր Ադրբեջանի իշխանությունները նրանց ներկայացնում են որպես «անկախության եւ երկրի տարածքային ամբողջականության համար պայքարող մարտիկներ»: