ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը հաջորդ շաբաթ կայցելի Իրան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով, Անանը Թեհրան կայցելի Սիրիայի հարցը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, այսօր` ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո, Սալեհին հայտարարել է, որ Անանի այցն Իրան հետաձգվել է հատուկ բանագնացի խիտ գրաֆիկի պատճառով:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին, Թեհրանում Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սալեհին հայտարարել է, որ Քոֆի Անանը Թեհրան կայցելի ապրիլի 2-ին, սակայն հետո Անանի գրասենյակը հերքել էր այդ տեղեկությունը:

Իրանի ԱԳ նախարարը ողջունել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Քոֆի Անանի պլանն ընդունելու որոշումը, բայց հայտարարել էր, որ Բաշար Ասադի կառավարական զորքերի հեռանալուց հետո այդ բնակավայրերում այլ զինված ուժեր չպետք է գան: