Հայաստանում բոլոր նաորդ ընտրություններն անցել են խախտումներով` բացառությամբ մի ընտրությունից: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ին, հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` քաղաքագետների միության շենքում կազմակերպված լսումների ընթացքում:

Ըստ Օսկանյանի, այսօր ավելի կարեւոր բան չկա, քան անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: «Բոլոր նախորդ ընտրությունները խախտումներով են անցել` բացառությամբ մեկի, դիտորդները խախտումներ են արձանագրել, եւ ժողովրդի մոտ թերահավատություն է առաջացել ընտրությունների նկատմամբ»,- նշել է Օսկանյանը` չմանամասնելով, թե որ ընտրության մասին է խոսքը:

Նա կարեւորել է ընտրություններին մանսակցող քաղաքական ուժերի համագործակցությունը: «9 ընտրություն անցկացնելով` բավական փորձ ենք ձեռք բերել: Ես կառաջարկեի, որ հնարավոր խախտման բոլոր ձեւերը հաշվի առնելով՝ փորձենք դրանց համատեղ լուծում տալ, ինչը իսկապես կարող է արդյունավետ լինել: «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ»,- նշել է Օսկանյանը:

Նշենք, որ քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչներ այսօր ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր, ՀՀԿ-ն ներկայացնող Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել: