Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները այսօր` ապրիլի 4-ին քաղաքագետների միության շենքում ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր։
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
«ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս ընտրություններին: Ընտրակաշառքը, խախտումները եւ մնացածը դարձել են մեր երկրի առջեւ ծառացած չարիք, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այդ չարիքը հաղթահարելու համար»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Քննարկմանը մասնակցող, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը: Վերջինս քննադատել է նման նախաձեռնությունը եւ նշել. «Դեռ շտաբը չստեղծված՝ արդեն փաստաթուղթ են ստորագրում: Ես ձեռնպահ կմնամ, որովհետեւ նման փաստաթղթերը պիտի քննարկվեն կոալիցիայի կողմից: Սա կքննարկվի կոալիցիայի շրջանակներում, եւ նոր, կարծում եմ, պատասխան կտրվի:
Փաստաթուղթն ուղարկվելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ-ում դեսպաններին եւ այլ անձանց: Նախաձեռնության անդամները խնդրել են պատկան մարմիններից` իրենց հանձնել ընտրացուցակներում առկա, սակայն հանրապետությունից բացակայող անձանց ցանկը:




























