Ուկրաինան հետաքրքրված է Տրանսկասպյան գազատարի շինարարությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան ողջունում եւ աջակցում է այդ նախագծին, հաղորդում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Վարչապետը նշել է, որ Ուկրաինան շահագրգռված է էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացման հարցում: Ըստ Ազարովի` երբ Տրանսկասպյան գազատարի շինարարության նախագծին մասնակցող կողմերը կհասնեն պայմանավորվածության, Ուկրաինան պատրաստ կլինի վերանայել նախագծում իր մասնակցության հարցը: 

Տրանսկասպյան գազատարի նախագիծը նախատեսում է խողովակների անցկացում Կասպից ծովի հատակով Թուրքմենստանից մինչեւ Ադրբեջան:

Հետագայում այդ գազատարը ենթադրվում է միացնել Nabucco-ի գազատարին, որը, ըստ հաշվարկների, կասպիական տարածաշրջանից Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով Եվրոպայի տարածք պետք է գազ մատակարարի: Կասպից ծովի հատակով գազամուղի անցկացման դեմ են հանդես գալիս Ռուսաստանը եւ Իրանը: