Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսին եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ եւ կիպրացի գործարարների մասնակցությամբ:

«Ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են քաղաքական բարձր մակարդակի վրա: Մեր պարտքն է խորացնել եւ ամրապնդել դրանք: Գոյություն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կիպրոսի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների բազմակողմ, այդ թվում նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացմանը: Էրատո Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների ներդրման գործընթացներում:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին` վարչապետը տեղեկացրել է, որ գնալով   Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի արդյունքում առաջիկայում կմեկնարկեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսական քաղաքականությանը եւ առաջիկա ծրագրերին, մասնավորապես, արտահմանն ուղված արդյունաբերական քաղաքականությանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը եւ տնտեսական այլ նախագծերի: