Վրացի միլիարդատեր եւ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, այսօր` ապրիլի 4-ին, մերժել են Վրաստանի քաղաքացիություն տրամադրել:
«Ֆրանսիայի քաղաքացի Իվանիշվիլին դիմել է քաղաքացիական ռեեստրի գործակալությանը` խնդրելով իրեն վրացական քաղաքացիություն տրամադրել` հպատակագրման կարգով: Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում այլ երկրի քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը», – գործարարին պատասխանել են Վրաստանի արդարադատության նախարարությունից, գրում է «Ինտերֆաքսը»:
Իվանիշվիլիի հպատակագրումը նրան թույլ կտար վերականգնել վրացական քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2011 թվականին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրահանգով այն պատճառով, որ նա ուներ նաեւ ռուսական եւ ֆրանսիական քաղաքացիություն:
Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության` Վրաստանի օրենսդրությունը նախատեսում է երկու գործողություն վրացական քաղաքացիություն ստանալու համար: Առաջինը` հպատակագրումը. այն անձանց համար, ովքեր ուրիշ երկրի քաղաքացի չեն հանդիսանում, երկրորդ` երկքաղաքացիությունը. քաղաքացիություն ձեռք բերած այն անձանց, ովքեր միաժամանակ նաեւ մի այլ երկրի քաղաքացի են: Այդ պատճառով, ըստ գերատեսչության, Իվանիշվիլին պետք է երկքաղաքացիության հայտով գրանցման դիմեր, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին Իվանիշվիլին պաշտոնապես դիմել էր Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն` իր ֆրանսիական քաղաքացիության դադարեցման խնդրանքով: Ավելի վաղ` դեկտեմբերի 26-ին, սեփական դիմումի հիման վրա Իվանիշվիլին զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից: Ֆրանսիայի դեսպանատանը դիմելուց հետո Իվանիշվիլին հայտարարել էր, որ ըստ քաղաքացիության մասին Եվրոպական հռչակագրի, նա կզրկվի ֆրանսիական քաղաքացիությունից այն բանից հետո, երբ կստանա վրացական քաղաքացիություն:




























