Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը կարող է հայտնվել աղմկահարույց պատմության մեջ: Նա բանաստեղծություն է գրել, որում Իսրայելին մեղադրել է Իրանին միջուկային հարված հասցնելու եւ փխրուն խաղաղությունը խաթարելու մտադրության մեջ: Գրողն իր ստեղծագործության մեջ նախազգուշացրել է, որ նման խոսքերի համար իրեն կանվանեն հակասեմական, եւ հենց այդպես էլ եղել է:

«Ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը ապրիլի 4-ին հրապարակվել է գերմանական  Sueddeutsche Zeitung թերթում, ինչպես նաեւ New York Times, իտալական La Repubblica եւ իսպանական El Pais թերթերում:

Նրանում մասնավորապես ասվում է, որ Իսրայելը նախատեսում է «առաջին հարվածը», որը «երկրի երեսից կջնջի իրանցի ժողովրդին»:

«Ինչու եմ ինքս ինձ արգելում այն երկիրն անունով կոչել, որը շատ տարիներ  ունի միջուկային աճող գաղտնի պոտենցիալ` վերահսկողության ոչ ենթակա, քանի որ այնտեղ ստուգումներ չեն անցկացվում: Ես այդ փաստի մասին համընդհանուր լռությունը, որին ենթարկվում էր նաեւ իմ սեփականը, ընկալում եմ իբրեւ ծանրացուցիչ սուտ եւ հարկադրանք, որը ենթադրում է  պատիժ` չենթարկվելու դեպքում: «Հակասեմական» դատավճիռը հաճախ է հանդիպում», - գրում է Գրասսը:

Նրա խոսքով`«ամենակործան մարտասարքերը» պատրաստ են թռչել այնտեղ, որտեղ «պարզապես կասկածում են ատոմային ռումբի» գոյության մասին:  «Ինչու եմ ես այդ մասին միայն հիմա խոսում, երբ ծերացել եմ, վերջին թանաքներով եմ գրում. ատոմային գերտերություն Իսրայելը սպառնալիքի տակ է դնում աշխարհում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը», -գրում է Նոբելյան դափնեկիրը:

Բացի դա, գրողը քննադատում է Գերմանիայից  սուզանավակների նպատակադրված մատակարարումը Իսրայել: Նա նաեւ կոչ է անում «միջազգային գերատեսչության միջոցներով մշտապես վերահսկել իսրայելյան ատոմային պոտենցիալը եւ իրանյան ատոմային սպառազինությունները, որը թույլատրված կլինի  երկու երկրների կառավարությունների կողմից»:

Հայտնի գրողի հասցեին արված քննադատությունը երկար սպասեցնել չի տվել: Նրան հիշեցրել է երիտասարդությունը Երկրորդ Ռեյխի օրերին, երբ 17-ամյա պատանին էսէսական է եղել:

Welt թերթում հրապարակված մեկնաբանությունում ասվում է, որ «Գրասը միշտ խնդիրներ է ունեցել հրեաների հետ» եւ որ գրողը հանդիսանում է «ձեւավորված հակասեմականության նախատիպ»:

«Գրողը ոչինչ չի խոսում այն մասին, որ Իսրայելին սպառնում են իրանական հրթիռները: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ժխտում է Հոլոքոստը, եւ այդպիսով, վեց միլիոն հրեայի վերացման փաստը, Գրասսի մոտ վերածվում է «շատախոսի», -իր հերթին, գրում է Frankfurter Rundschau-ը:

Գերմանիայում Իսրայելի դեսպանությունը եւս շատ կոշտ քննադատել է 84-ամյա Գրասսի հաղորդագրությանը. «Այն, ինչ պետք է ասվեր, դա այն է, որ ծիսական սպանություններում հրեաների մեղադրանքը եվրոպական սովորույթ է: Առաջ դրանք եղել են փոքր քրիստոնյաները, ում արյունը հրեաներն, իբր, օգտագործում են բաղարջի պատրաստման համար: Այսօր դա իրանցի ժողովուրդն է, ում հրեական պետությունը, իբր, փորձում է վերացնել երկրի երեսից: Ինչ պետք է ասվեր, դա այն է, որ Իսրայելը հանդիսանում է աշխարհի միակ պետությունը, ում գոյության իրավունքն ակնհայտորեն վիճարկվում է: Այդպես է եղել դրա հիմնադրման օրը, այդպես է նաեւ այսօր»,-ասված է հայտարարության մեջ, գրում է «Էքսպերտ»-ը: