Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարի ճիշտ դեղամիջոց չի կիրառվել: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների համաձայն:
Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների դեմ պայքարի միջոցառումներն իրականացրել է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Ուսումնասիրմամբ պարզվել է. որ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար օգտագործված 1300լ Դիազոն-600 թունաքիմիկատը ձեռք է բերվել «Աղավնի Չիլյան» Ա/Ձ-ից, ով չի ունեցել թունաքիմիկատների վաճառքով զբաղվելու լիցենզիա, ավելին, տվյալ թունաքիմիկատը գրանցված չէ Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցամատյանում: Ընդ որում, այն օգտագործվել է Ջերմուկ քաղաքի բաց տարածքներում ցողելու միջոցով ախտահանումներ կատարելու համար, այն դեպքում, որ տվյալ թունաքիմիկատի օգտագործումը բաց միջավայրում արգելվում է:
Նշենք, որ Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարի համար 2009-2010 թ. պետական բյուջեից մոտ 20-ական մլն դրամ է տրամադրվել` զբոսաշրջության խթանման նպատակով:



























