Վարդան Օսկանյանի մոտ հայտարարություններ անելն ու այնուհետ անհաջող բացատրություններ տալը դարձել է անհաջող սովորություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր` ապրիլի 4-ին Օսկանյանի արած պարզաբանմանը:
Օրեր առաջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել», իսկ արդեն այսօր նշել է. «Իմ ասածները եկեք ճիշտ մեկնաբանեք… ես ասել եմ` այն, ինչ Հայաստանում կա այսօր, քաղաքագիտական առումով ֆորմալ է: Բայց նույն հարցազրույցում, երբ ինձ հարցնում են` բա ինչո՞ւ դուրս չի եկել «Բարգավաճ Հայաստանը», ես չեմ պատասխանել` ասելով, որ այն, ինչին ես չեմ մասնակցել, չեմ կարող գնահատական տալ»:
«Այս հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում Վարդան Օսկանյանը ոչինչ չի սովորել եւ ոչինչ չի մոռացել: Նաեւ արտգործնախարար եղած ժամանակ Վարդան Օսկանյանը հայտնի էր նրանով, որ անում էր մի հայտարարություն, այնուհետեւ փորձում էր դա պարզաբանել` ավելի վատ վիճակի մեջ դնելով իրեն: Դրա վառ ապացույցը այն է, որ դեռեւս 2007թ. խորհրդարանում հայտարարեց, թե հայ-թուրքական սահմանը պետք է կլինի Կարսի պայմանագրով, ապա սկսեց հակասական բացատրություններ տալ: Երբ ազատագրված տարածքները անվանեց «օկուպացված»` հետո կրկին անհաջող բացատրություն տվեց: Երբ բացիեբաց հայտարարում էր, թե Ղարաբաղի հարցում բանակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ, եւ նույնիսկ արտահայտվում էր Թուրքիայի ներգրավման օգտին, ապա կրկին անհաջող բացատրություն էր տալիս: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդու մոտ դա դարձել է անհաջող սովորություն»,- ի պատասխան նշել է Էդուարդ Շարմազանովը:



























