Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է նոր քրեական գործ հարուցել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ:

Սպանված գործարար Եվգենի Շերբանի որդին` Ռուսլան Շերբանը նրան մեղադրել է իր հոր մահվանը մեղսակցության մեջ:

Ռուսլան Շերբանը քննությանն է հանձնել փաստաթղթեր` Յուլյա Տիմոշենկոյի հնարավոր մեղսակցության մասին: Նա նաեւ հայտնել է, որ արդեն ցուցմունք է տվել գլխավոր դատախազությունում: Երկրի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր, թե անհերքելի ապացույցներ ունի, որ Եվգենի Շերբանի պատվիրված սպանությունը վճարվել է Տիմոշենկոյին պատկանող ընկերությունների կողմից:

Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասովը նշել է, թե գործը կարող են հարուցել մեկ վայրկյանում, քանի որ «խոսքը գնում է քաղաքական պատվերի մասին»:

«Անտոն» ֆինանսական կորպորացիայի ղեկավար եւ Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շերբանը սպանվել էր Դոնեցկի օդանավակայանում, 1996թ.: 2002թ. սկզբին սպանության կասկածանքով ձերբակալել էին 8 մարդու: Դատախազությունը գլխավոր պատվիրատու է համարում նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին, ով ներկայումս պատիժ է կրում ԱՄՆ-ում: Տիմոշենկոն այն ժամանակ Լազարենկոյի քաղաքական աջակիցն էր: