Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 4-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյային եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Սկանդինավյան երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների եւ հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը:

Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: