ԱՄՆ նոր ռազմավարության համաձայն` Ավստրալիայում են արդեն առաջին ծովային հետեւակայինները:
Ինչպես փոխանցում է Agence France-Presse-ը, Վաշինգթոնը պատրաստվում է այդ երկրում աստիճանաբար ընդլայնել ռազմական կոնտինգենտը` 2017 թ-ին հասցնելով մինչեւ 2,5 հազ. մարդու: Առաջին խմբում 180 զինվորականներ են:
Զորքերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Ավստրալիայի տարածքում Վաշինգտոնը սեփական մշտական բազա չի հիմնի:
ԱՄՆ նոր ռազմական ռազմավարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել էր հունվարի 5-ին: Ըստ դրա` ծրագրվում է ռեսուրսներ կենտրոնացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ հատկապես հարավ-արեւելյան Ասիայում: Ըստ փորձագետների` Վաշինգթոնն այդպիսով փորձում է հավասարակշռել Չինաստանի ազդեցությունը:




























