Ժիրինովսկին շահել է ուրալցի գործարար Ալեքսեյ Ռեուտովի ներկայացրած դատը, որը 60 հազար ռուբլի փոխհատուցում էր պահանջում այն տեսահոլովակի համար, որտեղ ՌԼԴԿ-ի առաջնորդն Ուրալի բնակիչներին անվանել էր «հիմար բնակչություն»:
Թե ինչով է հիմնավորել դատարանն իր որոշումը, դեռեւս չի հաղորդվում, սակայն Ռեուտովը խոստացել է այն բողոքարկել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«ՍԲ-Ռեսուրս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռեուտովը հանուն պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայտ էր ներկայացրել հունվարի կեսերին: Հայցի հիմք հանդիսացող տեսահոլովակում Ժիրինովսկին քննադատում է Ուրալի բնակիչների մտավոր կարողությունները եւ ասում, որ Պերմից մինչեւ Եկատերինբուրգ «թերզարգացածներ» են ապրում:
ՌԼԴԿ-ի առաջնորդի մամուլի քարտուղար Յուրի Ռիժկովը տեսանյութի հրապարակումից քիչ ժամանակ անց այն անվանել է կեղծիք եւ մոնտաժված: Նրա խոսքով`հարցազրույցը ձայնագրվել է տասը տարի առաջ, իսկ Ժիրինովսկու քննադատությունը բոլոր ուրալցիների դեմ ուղղված չի եղել, այլ միայն Բորիս Ելցինի, ով ծնվել եւ մեծացել է Սվերդլովի շրջանում:











