Ապրիլի 9-ին լրանում է անգլիացի եւ ամերիկյան լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջի ծննդյան 182-ամյակը, որն առաջինն է նկարահանումների ժամանակ կիրառել մի քանի լուսանկարչական սարքեր: Google-ը այս կապակցությամբ տոնական տարբերանշան է տեղադրել, որում պատկերված է Մեյբրիջի հայտնագործած դանդաղեցված նկարահանման գործընթացը:
Էդվարդ Մեյբրիջը ծնվել է 1830թ. ապրիլի 9-ին Անգլիայում: Նրա իսկական անունն է Էդվարդ Ջեյմս Մագերիջ: Համարվում է, որ նա փոխել է իր անունը (Edward) այնպես, որ այն համընկնի Էդուարդ արքայի անվանն այն տեսքով, ինչպես գրված էր գահակալման քարին, որը Քինգսթոն էր վերադարձվել 1850թ. (Eadweard):
Էդվարդ Մեյբրիջն ուսումնասիրել է կենդանիների հաջորդական շարժումները, որպեսզի դրանք ֆիքսի եւ պատկերի ժապավենում:
Արդյունքում, 1872-78թթ. նա սկսել է հաջորդաբար նկարահանել ձիերի վարգը, եւ ապացուցել է, որ ձիարշավի ժամանակ կենդանին մեկ վայրկյանով բոլոր 4 ոտքերն էլ կտրում է գետնից: Դա, փաստորեն, առաջին դանդաղեցված նկարահանումն է եղել, այն բանի նախատիպը, որը 20 տարի անց Լյումեր եղբայրները անվանեցին կինո:
Էդվարդ Մեյբրիջն ստեղծել է նաեւ «zoopraxiscope»-ը` ֆիլմերի նախագծման սարք, որը կիրառվել է մինչեւ ցելուլոիդյան ժապավենի ի հայտ գալը:
Հատկանշական է, որ հետագայում Մեյբրիջի գաղափարը կիրառվել է ձիարշավային սպորտում. Ֆոտոֆինիշի օգնությամբ մինչեւ օրս էլ որոշում են ձիարշավի հաղթողին:











