Միշել եւ Բարաք Օբամաները Սպիտակ տանն ընդունել են ավելի քան 30 հազար հյուրերի` Զատիկի առթիվ: Նախագահը կնոջ հետ դիտել է դերասանների ելույթները եւ մասնակցել մարզական մրցումներին եւ զատկի ձվեր գլորելու արարողությանը:
«Ես ձեզ բոլորիդ հիասքանչ Զատիկ եմ մաղթում: Մենք այնքան ուրախ ենք, որ դուք միացել եք մեզ այս օրը», - ասել է Օբաման` ողջունելով հյուրերին Սպիտակ տան հարավային բացատում կնոջ, երկու դստրերի` Մալիայի եւ Սաշայի, զոքանչի` Մարիան Ռոբինսոնի եւ զատկի ճագարի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Զատկի տոնին առաջին համարն է եղել բացատով ձվերի գլորումը փայտե գդալների միջոցով:
Լուսանկարվելով մասնակիցների հետ` Օբաման շտապել է հատուկ տոնի համար կազմակերպված բասկետբոլի հրապարակ:
Տոնի ընթացքում նախագահը, նրա կինը եւ դստրերը նաեւ հասցրել են խաղալ թենիս, մասնակցել խոչընդոտների հաղթահարման մրցություններին, յոգայի պարապմունքներին եւ ճաշատեսակների պատրաստման մրցույթին: Մալիյան եւ Սաշան հրավիրված երեխաների համար գրքեր են կարդացել, ունկնդիրներին է միացել նաեւ Օբաման:
Զատկի ձվերի գլորումը, որը միշտ անցկացվում է Զատկի Կիրակիի հաջորդ օրը, առաջին անգամ տեղի է ունեցել Վաշինգթոնում` 1878 թվականին, եւ այդ օրվանից ԱՄՆ-ում համարվում է ամենամյա «նախագահական» ավանդույթ:
Պետության ղեկավարի նստավայրում Զատկի տոնակատարություններին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնցում կա 7 տարեկանից ցածր թեկուզ մեկ երեխա:











