Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբավորման չորրորդ անդամին, ով կարողացել էր փախուստի դիմել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա կատարված հարձակումից հետո: Տղամարդում ճանաչել է գործարարի աղջիկը:
Ինչպես գրում է Life News-ը, հանցագործին հաջողվել է բռնել կողոպտիչների զոհերի տված ցուցմունքների շնորհիվ:
Գործարարի դուստրը` Մարինա Սարգսյանը, պատմել է, որ իրենք գնացել են ճանաչելու հանցագործին: Ոստիկանությունում ցույց են տվել լուսանկարը, եւ նրան միանգամից ճանաչել են: Ասել են, որ չարագործին բռնել են Կուրսկում: Նա եւս դանակի հարված էր ստացել:
Այդուհանդերձ, խմբավորման չորրորդ անդամի ձերբակալության մասին լուրը դեռեւս չի հաստատվել ոստիկանության կողմից: ՆԳՆ տարածաշրջանային ցարչության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ զարմանք է առաջացրել ոստիկանությունում, գրում է «Դնի.ռու»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի 7-ի երեկոյան, երբ Սարգսյանի տանը գտնվում էին կինը, դուստրը, հարսը եւ չորս փոքրիկները, դուռը թակել են: Չորս տղամարդիկ ծեծի են ենթարկել Սարգսյանի հարսին, որը բացել էր դուռը: Հարձակվելով մյուսների վրա` նրանք պահանջել են գումար եւ թանկարժեք իրեր` սպառնալով ատրճանակով: Նրանք զինված են եղել նաեւ դանակով: Սարգսյանին հաջողվել է վերցնել մոտակայքում գտնվող դանակը եւ մահացու հարված հասցնել չարագործներից երեքին, չորրորդը փախուստի է դիմել:
Ինքը` Սարգսյանը, ծանր հարված ստանալով գլխին` ներկայումս գտնվում է հիվանդանոցում:
Սպանվածներից երկուսը գործազուրկներ են, նախկինում դատապարտված 44-ամյա Կեվլիշվիլին եւ 41-ամյա Ռոժդեստվենսկին: Երրորդի ինքնությունը դեռեւս պարզված չէ:
Հարուցվել է քրեական գործ երկու եւ ավել անձանց սպանության առթիվ: Առավելագույն պատժաչափը` ցման ազատազրկում:
Նշենք, որ ավելի վաղ «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը հաղորդել էր, որ գործարարի անունը Գագիկ Սարգսյան է: Life News-ի տեղեկություններով, նրա անունը Գեղամ Սարգսյան է:











