Ռուսաստանի Աստրախան քաղաքում բախումներ են տեղի ունենում ընդդիմության ներկայացուցիչների եւ իշխանության կողմնակիցների միջեւ: Սկսվել են ձերբակալություններ, սակայն մարդիկ ոստիկաններին դիմադրություն են ցույց տալիս:
Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդման` Աստրախանի քաղաքապետի նախկին թեկնածու Օլեգ Շեինի կողմնակիցները քաղաքում երթ են կազմակերպել, սակայն մարզային ընտրական հանձնաժողովի շենքին մոտենալ այդպես էլ չեն կարողացել, քանի որ նրանց ճանապարհը փակել է ոստիկանությունը: Շրջափակումը հաղթահարելու մի քանի փորձերից հետո ընդդիմությունը ցույց է կազմակերպել Կիրովի հրապարակում: Այնտեղ ելույթ են ունեցել անձամբ Շեինը եւ Մոսկվայից եկած Ալեքսեյ Նավալնին:
Ինչպես իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել էր ակցիայի նախաձեռնողներից մեկը` «Ռոսվիբորի» նախագծի համակարգող Գեորգի Ալբուրովը, բողոքող երթի մասնակիցներից մեկին ոստիկանների կողմից ձերբակալելու փորձի ժամանակ մյուս ընդդիմադիրներն սկսել են նրան խլել իրավապահներից:
Քաղաքով երթն ուղեկցվել է իշխանության կուսակցության կողմնակիցների եւ ընդդիմության ներկայացուցիչների բախումներով, հայտարարել են ոստիկանությունում` ընդգծելով, որ ՆԳՆ-ի աշխատակիցները փորձել են դադարեցնել բախումները:
Իր հերթին Շեինը «Կոմերսանտ FM»-ի եթերում պատմել է, որ առճակատման հրահրել են իշխանությունները` դեպքի վայր ուղարկելով իրենց կողմնակիցներին, որպեսզի հակացույց կազմակերպեն:
Փողոցներից մեկում արդեն վրաններ են հայտնվել, որոնք ավելի վաղ քաղաքում տեղակայելու կոչ էր արել հրապարակախոս Ալեքսեյ Նավալնին: Սակայն, ըստ Ալբուրովի հաղորդման, վրանները շրջափակվել են ոստիկանների կողմից: Հրապարակում իր վրանն է խփել նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը:
Օլեգ Շեինի եւ նրա կողմնակիցների հացադուլը տեղի է ունենում ի նշան Աստրախանում քաղաքապետի ընտրություններին խախտումների դեմ բողոքի: Հաղթել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Միխայիլ Ստոլյարովը` ձայների 60% -ով: Շեինն ստացել էր 30%, սակայն նրա գրասենյակը հայտարարել էր ձայների հաշվարկման ժամանակ զանգվածային խախտումների մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զննել է 6 աստրախանյան մասնակիցների տեսագրությունները եւ խախտումներ է նկատել ամեն քայլափոխի: Մնացած մասնակիցների նյութերը (ընդամենը 120 մարդ), որոնք անհրաժեշտ են դատարան դիմելու համար, «Սպրավեդլիվայա Ռոսիա» ստացել է ապրիլի 9-ին:
Նախօրեին աստրախանյան հացադուլավորներին էր միացել նաեւ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը: «Միացել եմ Օլեգ Շեինի համեաշխության հացադուլին: Այդպիսով, այժմ հացադուլ են անում արդեն 6 մարդ», - գրել է ընդդիմադիրն իր միկրոբլոգում:











