
Երեւանում, ապրիլի 10-ին տեղի ունեցած «Միսս Հայաստան-2012» գեղեցկության մրցույթից հետո «Միսս Հայաստան-1998» Գոհար Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, գոհ է ժյուրիի ընտրությունից, թեեւ ինքն անձամբ իր ձայնը տվել է երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ է փոխվել 1998 թվականից ի վեր, Գոհար Հարությունյանը պատասխանեց. «Ցավոք, քիչ բան: Ես նույնիսկ կասեի, որ այն ժամանակ ավելի լավ էր»: Իրերի նման դրությունն, ըստ Հարությունյանի, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մրցույթը չի անցկացվել 5 տարի:
Գոհարը ներկա է եղել մրցույթին, որպեսզի ոգեւորի աղջիկներին` հետագայում եւս մասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ դա կարեւոր եւ անհրաժեշտ է համարում:
Հարկ է նկատել, որ այս տարի գեղեցկության մրցույթը բավական սկանդալային զարգացում ունեցավ: Երբ ինտերնետում հայտնվեց ընտրական փուլի տեսանյութը, նրանց հասցեին քննադատության հեղեղ թափվեց: Սոցիալական ցանցերում եւ բլոգներում բուռն քննարկվում էր մասնակից աղջիկների արտաքին տեսքը, շարժուձեւն ու ինտելեկտը: Դժվար է ասել, թե որքան հաջող էր վերջնական ընտրությունը, բայց խոսակցությունները չեն դադարում նաեւ մրցույթից հետո:
Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան-2012» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 20-ամյա Աննա Առաքելյանը` Երեւանից, ով գեղեցկության թագի համար մրցում էր 17 աղջիկների հետ: Որպես մրցանակ հայ գեղեցկուհին իրավունք ստացավ «Միսս աշխարհ-2012» մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է ներկայացված լինելու այդ հեղինակավոր մրցույթում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է 18-ամյա Կատերինա Աբրահամյանը` Աբովյանից, իսկ առաջին տեղը` 17-ամյա Անիտա Գաբրիելյանը` Երեւանից:
Նշենք, որ բացի մրցանակային տեղերից, եղել են նաեւ 6 հատուկ անվանակարգեր:
«Նրբագեղ Գեղեցկուհի» է դարձել Գայանե Աբրահամյանը, «Գեղակազմ Գեղեցկուհի»` Օֆելյա Չուխաջյանը, «Գեղահման Գեղեցկուհի»` Կատերինա Աբրահամյանը, «Գեղաճեմ Գեղեցկուհի»` Ջուլիետտա Խամզոյանը «Նկարագեղ Գեղեցկուհի»` Անիտա Գաբրիելյանը, «Գեղաժպիտ Գեղեցկուհի»` Տաթեւ Մնացականյանը:
«Միսս Հայաստան 2012» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Շոուի սկզբում աղջիկները հանդես են եկել ազգային տարազներով, հետո լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Երեք մրցույթների արդյունքում ընտրվել է 10 մասնակից, ովքեր կրկին բեմ են դուրս եկել լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Նրանցից ընտրվել է 5 մասնակից: Հենց նրանց շարքից էլ ընտրվել է «Միսս Հայաստան-2012»-ը:

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դահլիճում, որտեղ անցկացվում էր մրցույթը, հավաքվել էին Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկները: Հնգամյա դադարից հետո «Միսս Հայաստան-2012» մրցույթի 18 մասնակիցներին զուգահեռ, հավաքվել էին նաեւ նախորդ տարիների հաղթողները. Գոհար Հարությունյան («Միսս Հայաստան-1998»), Իրինա Թովմասյան («Միսս Հայաստան-2001»), Մարինա Վարդանյան («Միսս Հայաստան-2006») եւ Մարգարիտա Սարուխանյան («Միսս Հայաստան-2007»): Աղջիկները ոչ միայն բարոյական աջակցություն էին ցույց տալիս մասնակիցներին, այլեւ ժյուրիի կազմում էին:
Մրցույթի ընթացքում աղջիկներին առաջարկվել է պատասխանել երկու հարցի. արդյոք գեղեցկությունը կփրկի աշխարհը եւ ինչից է պետք փրկել աշխարհը: Ընդհանուր առմամբ, աղջիկներն ինտելեկտով չեն փայլել` գրեթե բոլորը պատասխանելով, որ ներքին գեղեցկությունն արտաքինից ավելի կարեւոր է եւ այդ իմաստով կարող է փրկել աշխարհը: Իսկ աշխարհը հարկավոր է փրկել չար եւ անտարբեր մարդկանցից: Ավելի օրիգինալ էր 18 համարի մասնակից Գայանե Աբրահամյանի պատասխանը, ով ասաց, թե չի կարծում, որ աշխարհը փրկության կարիք ունի:
Հավելենք, որ «Միսս Հայաստան-2012» -ի հաղթող Աննա Առաքելյանը սիրում է կարդալ, զբաղվում է բոուլինգով, պարերով եւ սեղանի թենիսով: Աննայի հասակը 173 սմ է:

Լուսանկարները՝ Սոնա Բարսեղյանի











