Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» մրցակիցը կոալիցիայի բոլոր անդամներն են անխտիր: Այդ մասին, այսօր` ապրիլի 11-ին, «Անի» հյուրանոցում կազմակերպված «Ընտրամարտին» հայտարարել է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Այնտեղ ներառված է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ոչ միայն ՀՀԿ-ն: Որովհետեւ կոալիցիան է, որ այս տարիների ընթացքում պատասխանատվությունը վերցրել է իր վրա, եւ նաեւ նրա կատարած եւ չկատարած աշխատանքի արդյունքում է, որ երկիրը հայտնվել է այս վիճակում: Պատասխանատվությունից խուսափել մենք որեւէ մեկին թույլ չեն տալիս»,- նկատել է Մարտիրոսյանը եւ հավելել. «Իշխող կոալիցիան պետք է պատասխանատվության ենթարկվի, պատասխան տա այս ընտրությունների ընթացքում»:
Անդրադառնալով միասնական շտաբներին` պատգամավորը նշել է, թե «շտաբներ ստեղծելու շքերթ է սկսվել»: «Ժառանգությունն» այդ չորսի (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն»)` Քաղաքագետների միության ստեղծած միասնական շտաբի հետ կապված ի սկզբանե ունեցել է վերապահումներ, որ այն պետք է ստորագրվի նախագահների կողմից, հստակ պետք է նշվի բարեգործությունների պահը»,- նշել է Մարտիրոսյանը` իսկ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ նախագահի նախաձեռնությունների մասով նկատեց. «Իշխող կուսակցության եւ ԱԺ նախագահի հրավերների հարցում էլ պետք է հստակ լինեն մեխանիզմները: Միանշանակ է մեզ համար, որ առաջին դեմքերը պետք է ստորագրեն հուշագրերը»:
Մարտիրոսյանը նաեւ կարծում է, որ «Չորսի հուշագիրը» ըստ էության հակասում է 2011թ. փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրին: «Արդյոք ԲՀԿ-ական մեր գործընկերներն առ ոչինչ են ճանաչում կոալիցիոն հուշագիրը: Առավել եւս որ իրենք հրաժարվեցին վարչապետին եւ ոստիկանապետին ուղղված դիմումները ստորագրել»,- ասել է նա:
Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իրենք նախատեսում էին 25 տոկոս հավաքել ընտրություններում, «բայց ոնց որ թե արդեն մեծամասնության ենք ձգտում»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











