Ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը կոմունիստներին ստիպում է ակտիվորեն հանդես գալ, ներկայացնել ծրագրերը եւ արժանանալ ժողովրդի վստահությանը: Այդ մասին այսօր` ապրիլի 11-ին «Անի» հյուրանոցում կազմակերպված «Ընտրամարտին» հայտարարել է ՀԿԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:
«Մենք կրում ենք Խորհրդային Հայաստանի 70 տարիների եւ լավ ձեռքբերումները, եւ ինչու չէ, թերություններն ենք ընդունում: Գիտակցելով մեր կատարելիքն ապագա խորհրդարանում` միավորված ուժերով ենք հանդես գալիս»,- նշել է Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով, սա Ազգային Ժողովի 5-րդ ընտրություններն են: «Առաջինում կոմունիստները միասնական են եղել, դրանից հետո տեղի են ունեցել տարբեր տեսակի բաժանումներ, բայց այսօր, գիտակցելով պահի պատասխանատվությունը եւ ժողովրդի առջեւ ունեցած մեր պատասխանատվությունը, մենք միացյալ ուժերով ենք հանդես գալիս»,- նշել է նա:
Կոմկուսն արդեն 45 նախընտրական շտաբ է ձեւավորել եւ պատրաստվում է այդ շտաբների կազմակերպած հանրահավաքներին մասնակցել:
Խոսելով սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին` Սաֆարյանը նշել է, որ խորհրդարանում գաղափարական պայքարը բավարար չի եղել: «Կոմունիստները, կարծում եմ, ասելիք ունեն, որովհետեւ տնտեսվարման ձեւի վերաբերյալ մենք ունենք մեր մոտեցումները»,- նշել է Սաֆարյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











