ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը 50 հազար դրամ է փոխանցել իր ընկերոջ եւ գործընկերոջ` Սամվել Ալեքսանյանի նախընտրական հաշվեհամարին: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սամվել Ալեքսանյանն էլ իր հաշվեհամարին գումար փոխանցի, նա պատասխանեց, որ Սամվել Ալեքսանյանը բազմազավակ հայր է, եւ պետք չէ, որ նա գումար փոխանցի, ինքը կփոխանցի:
Ինչ վերաբերում է Ալեքսանյանի հայտարարությանը, թե ինքն է համոզել, որ Ռուբեն Հայրապետյանը փոխի իր որոշումն ու առաջադրվի, Հայրապետյանն արձագանքեց. «Իհարկե դա կատակ էր: Սամվել Ալեքսանյանը կարող է նման բան ասել, քանի որ իր ընկերն է եւ ունի այդ իրավունքը»: Սակայն, իրականում, Ռուբեն Հայրապետյանն իր թեկնածությունն առաջադրել է այն պատճառով, որ նրան տեղեկություններ են հասել, թե առաջին ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ես փորձեցի օգտվել այդ հաճույքից եւ անպայման առաջադրվել ու ժողովրդին ներկայացնել, թե իրականում ով է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այն էլ` մարդը վախեցել է չի դրել: Վերջերս էլ հայտարարություն է արել, թե ինքը «ռազբորկի» չի գնա: Տարիներ շարունակ ձգտել է ինձ հետ շփվի, եկել-շփվել է, բազմաթիվ անգամ տարբեր տրամաչափի բանագնացների ուղարկել է, որ ես աջակցեմ իրեն, իր տղային ուղարկել է ինձ մոտ, եթե դա «ռազբորկա» է, ուրեմն սա էլ է «ռազբորկա»: Ուղղակի էդ մարդը չունի այնքան ազնվություն, որ իր լեզվանի աշակերտներին ազնվորեն խոստովանի»,- ասել է Հայրապետյանը:











