Հայաստանը տեսանելի ապագայում լինելու է իրավական պետություն: Այդ մասին այսօր` ապրիլի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ասել է Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ընտրողների հետ հանդիպմանը:
«Ես դրան հավատում եմ, եւ այսօր այստեղ եմ իմ համոզումը ձեզ փոխանցելու: Անհնար է լավ ապրել` չունենալով իրավական պետություն: Իրավական առումով պաշտպանված պետք է լինի մեզնից յուրաքանչյուրը»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է լինելու նաեւ փոքր եւ միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը: «Մենք երաշխիքներ ենք ստեղծելու, որ դուք ինքներդ հիմնեք սեփական գործ»,- նշել է Սարգսյանը եւ հավելել, որ արդեն ընդունվել է նոր տնտեսական հայեցակարգ, պարզեցվելու է հարկային վարչարարությունը, հարկային բեռը տեղափոխելու են դեպի խոշոր հարկատուներ, իսկ ոչ մի հակամրցակցային գործողություն անպատիժ չի մնալու: «Սոցիալական բեւեռացումը շարունակում է մեզ ամենաշատ մտահոգողը լինել: Մենք պայքարելու ենք անարդարությունը ծնող պատճառների դեմ»,- ասել է նախագահը:
Ըստ Սարգսյանի` անհնար է կիրթ հասարակության մեջ բռնապետություն հաստատել. «Մեզ անհրաժեշտ է կիրթ հասարակություն»: Նա նաեւ խոստացել է զարգացնել բոլոր ճյուղերը:
«Մեզ անհրաժեշտ է նոր ժամկետ` բարեփոխումները հաջողությամբ ավարտելու կամ գոնե որոշակի փուլի հասցնելու համար»:
Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը կոչով դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: «Ձեր քվեներով սատարեք մեզ: Երբ ես ասում եմ մեզ, սա չի նշանակում սատարել միայն ՀՀԿ համամասնական ցուցակին: Մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաեւ Սամվել Ալեքսանյանը: Մենք առաջադրել ենք եւ սատարում ենք նրան, եւ համարում ենք, որ նա կարող է ԱԺ-ում կարող է արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:











