«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը: Մրցանակաբաշխությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում (ֆոտոռեպորտաժ):

Մի քանի ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանվ, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն  տեսահոլովակ» ճանաչվել Սիրուշոյի I like it երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ» խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ Time out հաղորդաշարը:

«Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ The beautified project-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի «Պապենական Կիլիկիան»:

Լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող Սոնա Շահգելդյանն էր, իսկ լավագույն երգիչը՝ Էրիկը:

Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին է հասել Հայաստանի Հանրային ռադիոյին: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» երգը: Հատուկ մրցանակի են արժանացել նաեւ Դար 21 հեռուստաընկերությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լեւոն Մալխասյանն ու Լեւոն Իգիթյանը, Պատրիկ Ֆիորին, Ռուբեն Ջաղինյանը, 2011 թ. Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը,  Նադեժդա Սարգսյանը եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլը:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի