«Նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկը, որի գործը լսվում է Օսլոյում, հայտարարել է, որ չի ընդունում նորվեգական դատարանը:

Բրեյվիկը դատարանին ողջունել է աջծայրահեղական ժեստով` աջ ձեռքը բռունցք արած վիճակում առաջ մեկնելով: Անմիջապես այն բանից հետո, երբ դատավորը ներկայացրել է կողմերի մասնակիցներին, Բրեյվիկը խոսքի իրավունք է ստացել եւ հայտարարել, որ «չի ընդունում նորվեգական դատարանը»:

Դատավորը մեղադրյալին խնդրել է հայտնել անունը եւ մասնագիտությունը, ինչին Բրեյվիկը պատասխանել է, որ գրող է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ իր գործի լսումներն սկսելը Ա. Բրեյվիկն ընդգծել է, որ իրեն համարում է ռազմական հրամանատար, եւ այդ պատճառով էլ իր գործը պետք է քննի ռազմական, այլ ոչ թե սովորական դատարանը:

Անդերս Բրեյվիկը մեղադրվում նախորդ տարվա հուլիսի 22-ին  Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրագործելու մեջ, որի հետեւանքով զոհվել էին 8 մարդ, եւ Ութեյա կղզում Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ  հրաձգություն կազմակերպելու մեջ, որի արդյունքում զոհվել էին  69 երիտասարդներ: