Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վստահ է, որ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ինքը կընտրվի պատգամավոր: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց ինքը` Տիգրան Կարապետյանը: Նա դժգոհեց, որ  իրենց ընտրատարածքում երեխաներին ներգրավում են նախընտրական հանդիպումներին, մարդկանց ստիպողաբար են բերում հանդիպումների, Արարատի մարզպետը պահանջում է, որ իրենց թեկնածուին ձայն տան:

«Փողի շունչը դեռ չեն զգացել, բայց բոլորը սպասում են դրան»,-ասաց Կարապետյանը, նկատելով, որ դրանով նվաստացնում են ժողովրդին, բայց համոզված է, որ այդ պարագայում էլ իրենք կհաղթեն, քանի որ իրոք  «տիրություն են անելու» ժողովրդին եւ նրանց ձայնին:

Ասուլիսին հրավիրված ՕԵԿ-ական թեկնածու Տիգրան Ղալեչյանն էլ իր խոսքում նշեց, որ առաջադրվել է, որ ժողովուրդը թացը չորից տարբերի:  Արձագանքելով այդ հայտարարությանը,  Տիգրան Կարապետյանն ասաց, որ այդ պարագայում ՕԵԿ-ը ձայն չի ստանա:

Ինչ վերաբերում ՀԱԿ-ին, Տիգրան Կարապետյանն ի սրտե ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի թիվ 7 ընտրատարածքում: Նա նկատեց, որ Մալաթիա-Սեբաստիա շրջանում երեկվա միջադեպի ժամանակ միայն կանայք են դեմ դուրս եկել Նիկոլ Փաշինյանին, այդ կանանց անվանելով «Բե-տե-էռ»-ներ: «Իսկ «Բե-տե-էռ» արտահայտությունը սովորել են հենց ՀԱԿ-ից եւ ժամանակին էլ իմ հանրահավաքին են «Բե-տե-էռ»-ներ բերել»,- հշեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը»,- ԺԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ այդ ուժին «խուռդել են», չբացատրելով, թե ինչ նկատի ունի:

Նշենք, որ թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են. Տիգրան Կարապետյան (ԺԿ), Մանվել Հայրապետյան (ՀՅԴ), Կարինե Պողոսյան (ՀՀԿ) եւ Գագիկ Ներսիսյան (ՀԱԿ):