Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանի դահլիճում լացել է իր պատրաստած քարոզչական տեսահոլովակի ցուցադրման ժամանակ: Ընդ որում, ողջ այդ ընթացքում, երբ մեղադրողը հնչեցնում էր Բրեյվիկի ձեռքով սպանված անձանց անունները (այդ ընթացակարգը դատարանում տեւել է մի քանի ժամ), Բրեյվիկն իրեն սառնասիրտ է պահել եւ անգամ ժպտացել է: Բայց նա լաց է եղել, երբ դատարանի դահլիճում ցուցադրել են իր պատրաստած եւ ինտերնետում տեղադրած քարոզչական տեսահոլովակը:
Դատարանն արգելել է հեռարձակել տեսահոլովակը, սակայն ներկաները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ այդ տեսահոլովակի ցուցադրման ժամանակ Բրեյվիկը լաց է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տեսահոլովակում խոսքվում է մշակութային մարքսիզմի եւ իսլամի տարածման վտանգի մասին: Կադրերում խաչակիրների պատկերներ կան: Ողջ հոլովակն ուղեկցվում է հանդիսավոր երաժշտությամբ:
Բրեյվիկը մեղադրվում է նրանում, որ նախորդ տարվա հուլիսի 22-ին պայթյուն է կազմակերպել Օսլոյի թաղամասերից մեկում, որի հետեւանքով մահացել է 8 մարդ: Դրանից հետո նա գնացել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբար` Ուտոյա կղզում եւ գնդակահարել 69 մարդու:
Բրեյվիկն արդեն հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, նաեւ չի ճանաչում նորվեգական դատարանը: Մտնելով դատարանի դահլիճ, նա ներկաներին ողջունել է նացիստական ժեստով:











