Ռուս սիրված դերասան Սերգեյ Բեզրուկովը խոստովանել է, որ ինքն է խաղացել Վիսոցկիի դերը «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմում, որը հանդիսատեսների ու քննադատների շրջանում ոչ միանշանակ արձագանք է գտել: Խոստովանությունը դերասանն արել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում, որը մեկնարկել է ապրիլի 16-ին Ռուսաստանի առաջին ալիքով:
Հաղորդավարի արցին, թե արդյոք նա է Վիսոցկիին մարմնավորել աղմկահարույց ֆիլմում, Բեզրուկովը կարճ պատասխանել է. «Այո»: «Շնորհակալություն, որ վերջապես խոստովանեցիք, քանի որ բոլորն առանց այդ էլ կռահում էին», - իսկույն արտահայտվե է Իվան Ուրգանտը:
Այժմ Պյոտր Բուսլովի ֆիլմի գլխավոր գաղտնիքը բացահայտված է,նախկինում ենթադրություններ արվել էին, սակայն ոչ մեկ չէր հաստատել: Հռչակավոր երգչի, պոետի եւ դերասանի կերպարն ստեղծվել է գրիմի եւ համակարգչային հատուկ տեխնոլոգիաների միջոցով:
Վիսոցկիին նվիրված ֆիլմն էկրաններին հայտնվել է 2011թ. դեկտեմբերին, գրում է pravda.ru-ն: Դրա սյուժեն 1979թ. հինգ օրերն են, երբ Վիսոցկին Ուզբեկստանում շրջագայության էր եւ կլինիկական մահ էր տարել` մորֆիի չարաշահման հետեւանքով մահից հազիվ փրկվելով:
Ի դեպ, ֆիլմի սկզբում նշվում է, որ գլխավոր դերը կատարել է ինքը` Վլադիմիր Վիսոցկին: Մարինա Վլադին ֆիլմն անվանել է կինոարդյունաբերության ցածրորակ արտադրանք:











