Ռուսական միջազգային Russia Today հեռուստաալիքով, այսօր` ապրիլի 17-ին, կայացել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առաջին հաղորդումը: Շոուի առաջին հյուրը դարձել է «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլան:
Հաղորդման ժամանակ The World Tomorrow (Աշխարհը վաղը) արտահայտությունը հայտնվել է Twitter-ի համաշխարհային թրենդներում:
Նախքան հաղորդումը, հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր բլոգում վիկտորինա է առաջարկել, հայտարարելով, որ ով կգուշակի, թե ով է լինելու The World Tomorrow հաղորդման առաջին հյուրը, նրան մրցանակ կտա:
Wikileaks-ի հիմնադիրն իր հյուրի ընտրությունը բացատրել է նրանով, որ ցանկացել է իմանալ, թե ինչու հազարավոր մարդիկ Նասրալլային համարում են խաղաղապահ, իսկ հազարավորներն էլ` ահաբեկիչ: Բացի այդ, նա 2006-ից որեւէ հարցազրույց չի տվել արեւմտյան հեռուստաընկերություններին:
Բնականաբար, «Հըզբոլլահի» առաջնորդը անմասն չի մնացել ԱՄՆ-ի հասցեին քննադատություն հնչեցնելուց: Նա հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ն է շահագրգռված Սիրիայում քաղաքացիական պատերազմով, այն դեպքում, երբ Բաշար Ասադը կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է ընդդիմության հետ բանակցությունների նստել: Դրա համար էլ «Հըզբոլլահի» ղեկավարը ողջունել է արաբական գարունը, բայց չի պաշտպանել Սիրիայում տեղի ունեցող հուզումները:











