Աստրախանի հացադուլ հայտարարած քաղաքապետի նախկին թեկնածու Օլեգ Շեինը եւ «նորվեգացի հրաձիգն» ունեն բարոյական մի շարք ընդհանուր որակներ, կարծում է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

«Նրանք հիվանդագին եւ պատվախնդիր մարդիկ են։ Շեինը Բրեյվիկի նման է,  միայն թե իր տեղում՝ Աստրախանում է անում նույն բանը։ Նա բոլորին ատում է։ Նման մարդիկ շատ վտանգավոր են։ 60-ամյա թեկնածուն նման բան չէր անի։ Ահա Շեինը, Բրեյվիկը՝ նրանք վտանգավոր են։ Պատվախնդիր մարդիկ շատ վտանգավոր են», - ասել է Ժիրինովսկի  «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ի հետ հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարգավորել իրադրությունն Աստրախանում, Վլադիմիր Վոլֆովիչը հայտարարել է. «Շեինին կփակեի հոգեբուժարանում, իսկ Ստոլյարովին կձերբակալեի, քանի որ նա չի հաղթել ընտրություններում։ Ձկնային ամբողջ հանցախմբին կձերբակալեի, կցրեի։ Ո՞ւր է  սեւ խավիարը, համով, լավ ձուկը,  ձմերուկները։ Ախր սա ի՞նչ Աստրախան է։ Աստրախանը պետք է մաքրել վերահսկող տարբերակով»։

Հիշեցնենք, որ Աստրախանում քաղաքապետի ընտրություններից հետո Օլեգ Շեինը, որը համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ, հացադուլ էր հայտարարել։ Մոսկվայում  ի նշան համերաշխության հացադուլ է անցկացնում Ուդալցովի գլխավորությամբ ընդդիմադիրների խումբը։