Իրանի նախագահ Ահմադինեժադի` երկրի հարավային Բենդեր Աբբաս քաղաք այցի ժամանակ դժգոհ բնակիչները գրոհել են նախագահի շարասյունը: Սիրողական հոլովակը, որտեղ երեւում է, թե ինչպես են մարդիկ գրոհում մեքենան, խփում նրան, բղավում ինչ-որ բան եւ թափահարում այաթոլլահ Խամենեիի նկարը, դրված է համացանցում, հայտնում է Daily Telegraph-ը:
Ինչպես հայտնում է «Իզվեստիան», մի տղամարդ բղավում է. «Ես սոված եմ, ես սոված եմ»: Սկզբում անակնկալի եկած թիկնապահներին, այնուամենայնիվ, հաջողվում է հեռացնել նրան մեքենայից: Սակայն շուտով մեքենայի վրա է բարձրանում մահմեդական գլխանոցով մի կին եւ սկսում է ոգեւորված ինչ-որ բան բացատրել նախագահին: Վերջինս, թվում է, նրան նշան է անում, եւ կինը իջնում է մեքենայի վրայից:











