Հայ ազգային կոնգրեսն ընտրարշավի շրջանակներում արդեն եղել է 5 մարզերում, եւ, ընդհանուր առամամբ, ընտրարշավը լավ է անցնում, չհաշված այն բռի մեթոդները, որոնք իշխանությունները կիրառում են ՀԱԿ-ի նկատմամբ: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում:

Արամ Մանուկյանը նշեց, որ թույլ չեն տալիս մարդկանց գնալ իրենց հանդիպումներին, հոսանքն են անջատում, նկարահանում են ժողովրդին, վախ սերմանելու համար:

«Էջմիածնի գեներալիտետը դուրս էր եկել ժողովրդի դեմ, որ ժողովուրդը  չմասնակցի մեզ հետ հանդիպմանը, իսկ մասնակցելու դեպքում հաշվեհարդար տեսնեն նրանց հետ: Ունենք գեներալներ, ովքեր «արծիվ» են ժողովրդի դեմ»,- ասաց Արամ Մանուկյանը, նկատելով, որ նման քայլերի հակազդեցությունն ավելի մեծ է, քան` ազդեցությունը:

ՀՀՇ նախագահն օրինակ բերեց Մերուժան Մխոյանին, ում ծեծել էին եւ ստիպել հանել իր թեկնածությունը, նշելով, որ դա կատաղեցրել է ժողովրդին, որի մասին է վկայում Արամավիրում մեծ էներգետիկայով տեղի ունեցած ՀԱԿ-ի հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, պատգամավորության թեկնածուների դեմ տեղի ունեցած բռնությունները եւս, ըստ Արամ Մանուկյանի, ազդել են հասարակության տարամադրվածության վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 6-ի առավոտյան մի խումբ անձինք Մխոյանին ինքնաձիգի սպառնալիքի տակ հանել էին Սարդարապատ գյուղում գտնվող տանից եւ տարել Հոկտեմբեր գյուղի գերեզմանոց, որտեղ դաժան ծեծի էին ենթարկել: Նշվում էր, որ հարձակվողների խմբում են եղել նախկինում մահափորձի համար ազատազրկված Սամվել Պողոսյանն ու հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին: Ի դեպ, խումբը, որն առեւանգել եւ ծեծել է Մերուժանին, հետեւյալ մեսիջն է փոխանցել. «Դու պետք է գաս մարզպետի, Նովոյի (ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի-խմբ.) եւ քաղաքապետի մոտ ներողություն խնդրես եւ թեկնածությունդ հանես: Դու քանի՞ գլխանի ես, որ պետության դեմ ես գնում»:

Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը` Սամսոն Պողոսյանի եղբայրը, եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը:

Այս դեպքից հետո Մերուժան Մխոյանը հանել էր թեկնածությունը եւ հայտարարել, որ իրեն չեն ծեծել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի