Երեւանն իմ, կնոջս ու մեր ողջ թիմի բազմաթիվ հիացմունքների քաղաքն է: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երեւանում ասաց Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան Վենիամին Սմեխովը, ով ժամանել էր Հայաստան` «Տանգոյի 12 ամիսներ» նոր բեմադրությամբ, որը ներկայացրել է Գյումրիում, Վանաձորում ու Երեւանում:
Սմեխովի հետ Հայաստան էր ժամանել նաեւ նրա դուստրը` Ռուսաստանի ժողովրդական դերասանուհի Ալիկա Սմեխովան:
Վենիամին Սմեխովի համար, ով Հայաստանը տեսել էր Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո եւ դրան հաջորդած «ղարաբաղյան սարսափի» նախօրեին, Երեւանը հատուկ քաղաք է: Պատասխանելով այն հարցին` համարո՞ւմ է նա Երեւանն իր քաղաքը, դերասանն ասաց. «Ես այդքան քաջ չեմ, ես Մոսկվան էլ չեմ կարող համարել իմ քաղաքը, թեեւ այնտեղ եմ ծնվել»:
Դերասանի խոսքով` ի սկզբանե նախատեսված է եղել մեծ շրջագայություն Հայաստանի տարբեր քաղաքներով, ինչպես նաեւ ելույթ Ղարաբաղում, սակայն դերասանների շրջագայության խիտ ժամանակացույցի պատճառով ստիպված են եղել կրճատել այցելության համար նախատեսված քաղաքների թիվը: Ինչպես խոստովանեց հյուրը, երեւանյան հանդիսատեսն ամենանրբաճաշակն է:
Բոլորովին վերջերս` նոյեմբերին, առասպելական «Աթոսը» մի շարք վարպետության դասեր է անցկացրել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Ըստ որում, ինչպես խոստովանեց ինքը` Սմեխովը, մինչեւ «Երեք հրացանակիրներ» երաժշտական ֆիլմում հայտնի մելանխոլիկ- կոմսի դերը Վենիամին Սմեխովին ֆիլմերում չեն նկարահանել: «Իրենց դուր չէր գալիս քիթս, եւ ինձ կինոյին մոտ չէին թողնում»,- ժպտաց նա:
Գաղտանզերծելով իր այցի մանրամասները` հայր եւ դուստր Սմեխովներն իրենց տպավորությունները կիսեցին նախօրեին երկրի առաջին դեմքերի հետ կայացած հանդիպումից: «Երեկ այնպիսի մի շրջապատում էինք: Սկզբում երկրի առաջին դեմքերի եւ միաժամանակ աստվածային ինչ-որ կամերային երգչախմբի շրջապատում էինք, այնուհետեւ` Ալիկայի ընկերների, ովքեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապեր են իրագործում»,- ոգեւորված նկարագրեց Վենիամին Սմեխովը: Զերծ չեն մնացել նաեւ զվարճալի միջադեպերից: Ալիկա Սմեխովան պատմեց, որ երգչախմբից մի աղջիկ ուղղակի փաթաթվել է Վենիամին Սմեխովի պարանոցին` հայտնվելով կրոնական զմայլանքի մեջ «Աթոսի» ներկայությունից:











